Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային  վարչության պայմանագրային զինծառայողի անհետացման փաստի կապակցությամբ բոլոր նյութերը տրամադրվել են Քննչական կոմիտեին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Քննչական կոմիտեի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Համաձայն օրենսդրության, եթե անհետացումից 10 օր անց քաղաքացին չի հայտնաբերվում, ապա հարուցվում է քրեական գործ։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 26-ամյա պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանը կորել էր փետրվարի 21-ին։ Նույն օրը Արթուր Աֆյանի կինը՝ Ալվարդ Մկրտչյանը դիմել էր Ոստիկանություն։  Կնոջ հավաստմամբ՝ հայտնել էր, որ ինքը հեռախոսազրույց է ունեցել իր ամուսնու հետ։ Արթուրը հրաժեշտ էր տվել կնոջը եւ ասել, որ այլեւս չի վերադառնալու։

Ըստ որոշ տեղեկությունների՝ ընտանիքը պարտքեր է ունեցել։ Սակայն Ալվարդ Մկրտչյանը պնդում է, որ ամուսնու անհետանալուց օրեր առաջ իրենք գրավ են դրել թանկարժեք իրերը պարտքերը մարելու համար։