Բելառուսը կարող է կարեւոր դեր խաղալ եվրոպական անվտանգության ապահովման հարցում: Եվրոպական արտաքին անվտանգության հարցերի գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդտի հետ Մինսկում կայացած հանդիպմանն այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Բելառուսն օղակներից մեկն է, որը կարող է կարեւոր դեր խաղալ եվրոպական անվտանգության ապահովման հարցում… Եվրոպայի կենտրոնում գտնվող երկիրը չի կարող չազդել այդ գործընթացների վրա»,- ասել է Լուկաշենկոն:
Նա հիշեցրել է «Արեւելյան գործընկերության» ծրագրի կարեւորությունը՝ եվրոպական երկրների միավորման համար. «Մենք ընդգրկվեցինք այդ կազմակերպությունում՝ հույս ունենալով, որ այն կկապի Արեւելքն ու Արեւմուտքը: Մենք չպետք է բաժանարար գծեր ստեղծենք… Հարկավոր է շփման կետեր փնտրել եւ միավորել պետություններին»:
Լուկաշենկոյի կարծիքով, «հնարավոր է՝ այդքան էլ հեռավոր հեռանկար չէ «Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ» բանաձեւով համագործակցությունը»: «Դա լավ հեռանկար է: Բելառուսը պատրաստ է անել առավելագույնը, որպեսզի արագացնի այդ ծրագրի իրականացումը»,- հավելել է Լուկաշենկոն:
«Կարծում եմ՝ մենք կարող ենք հարաբերությունների կառուցման լուրջ երկխոսություն սկսել»,- ամփոփել է Բելառուսի նախագահը:





























