Ղազախստանի Սահմանադրական խորհուրդը (ՍԽ), դիտարկելով երկրում նախագահական արտահերթ ընտրությունների նշանակման հարցը, դրա համար որեւէ խոչընդոտ չի տեսնում: Այս մասին ասված է Խորհրդի կայքում:
«Սահմանադրական խորհուրդը պարզաբանում է, որ Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 41 հոդվածի 3-1 կետը հարկավոր է հասկանալ այնպես, որ Ղազախստանի Հանրապետության նախագահը բացարձակ իրավունք ունի անձամբ նախագահական արտահերթ ընտրություններ նշանակել: Հանրապետության Սահմանադրությունը որեւէ պայման եւ սահմանափակում չի նախատեսում պետության ղեկավարի կողմից նախագահական արտահերթ ընտրությունների նշանակման մասին որոշում ընդունելու համար»,- հաղորդագրությունն է մեջբերում Gazeta-ն:
Ավելի վաղ Ղազախստանի խորհրդարանի Ստորին պալատը դիմել էր նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին՝ խնդրելով արտահերթ նախագահական ընտրություններ նշանակել:





























