ՀՀԿ Խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը կատարելագործված արեց Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 1994թ.-ի դեկտեմբերին ասածը: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, խորհրդարանում կառավարման ճգնաժամի մասին նախագծի քննարկմանն ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը (1994-ի դեկտեմբերին նախագահ Տեր-Պետրոսյանի ելույթով քրեական հետապնդում սկսվեց ՀՅԴ-ի դեմ, բացահայտվեց «Դրո» կառույցը-խմբ):

Իր ելույթում Ռուբիկ Հակոբյանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին հորդորեց որպես ցուցիչ չներկայացնել առաջին նախագահի գրանցած հաջողությունները:

«Միշտ մեր առանձնազրույցներում ձեզ ասել եմ՝ հարգեք այստեղ նստած մարդկանց, եւ ոչ միայն հաջողություններն ասեք, այլեւ թերությունները: Երբ փետրվարի 12-ին լսում էի Սերժ Սարգսյանի ելույթը, միանգամից հիշեցի Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթը 1994թ.-ի դեկտեմբերին»,- ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:

Ռուբիկ Հակոբյանը կարծում է, որ այսօր պետք է խոսել ոչ թե կառավարման, այլ քաղաքական ճգնաժամի մասին, ապացույցն էլ ԲՀԿ-ի՝ երկրի երկրորդ քաղաքական ուժի անհետանալն է քաղաքական եթերից:

«Մենք գնում ենք կործանման, տագնապած եմ»,- ավելացրեց նա:

Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է կառավարման ճգնաժամի մասին նախագիծը: