Բելառուսի եւ Եվրամիության հարաբերությունները լավանալու միտում ունեն։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ ունեցած հանդիպման ժամանակ։
«Հուսամ, սա Եվրամիության հետ մեր բարեկամական երկխոսության սկիզբն է։ Կարծում եմ, որ սա ճիշտ միտում է։ Եվրամության հետ Բելառուսի հարաբերությունները այլեւս նախկինի պես մշուշոտ չեն։ Մենք պատրաստ ենք մեր հարաբերությունները դնել իրավահավասար ոչ խտրական հիմքի վրա»,- մեջբերում է Լուկաշենկոյին «ՌԻԱ Նովոստի»-ն։
Իր հերթին Շմիդը հայտարարել է, որ «ԵՄ-ն ցանկանում է լավ հարաբերություններ կառուցել Բելառուսի հետ»։
Եվրամիությունը 2012թ. հայտարարել էր Բելառուսում մարդու իրավունքների ոտնահարումների մասին եւ ընդլայնել էր 2010թ. դեկտեմբերին այդ երկրի հանդեպ ընդունած պատժամիջոցների ցուցակը՝ մասնավորապես արգելելով այդ երկրի պաշտոնյաների մուտքը ԵՄ։ Եվրամիության խորհուրդը երկարաձգել էր Բելառուսի հանդեպ պատժամիջոցների ցանկը մինչեւ 2015թ. հոկտեմբերի 31-ը։





























