Արմավիրի մարզի Խանջյան գյուղում բոլորը ապշած են 14-ամյա պատանու ինքնասպանություն գործելու դեպքի մասին լսելով: Խանջյանի գյուղապետ Սամվել Ավագյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ երեխայի հայրն ու մայրը սովորական, խելոք, աշխատող գյուղացի մարդիկ են, ունեն 3 երեխա: Մահացող տղան ուներ իրենից փոքր եղբայր ու քույր: «Շատ աշխույժ, ճարպիկ, ծիծաղկոտ, ֆիզիկապես առողջ, սպորտսմեն տղա էր, այդ օրն էլ փետրվարի 23-ն էր, դպրոցում նշել են, աղջիկները տղաներին նվերներ են տվել, ուսուցիչները ասում են, որ շատ ուրախ, լավ է անցել օրը, ոչ մի խնդիր չի ունեցել ոչ տանը, ոչ դպրոցում, ոչ էլ այնպես է, որ հնարավոր է ինչ-որ բան է ուզել, ծնողները չեն կարողացել առնել, աշխատող մարդիկ են»,-ասաց գյուղապետը:
Սամվել Ավագյանը նշեց, որ անասնագոմը ամիսներ շարունակ փակ է եղել, պատահաբար բացել են դուռը եւ հայտնաբերել որդուն՝ կախված: Գյուղապետն ասաց, որ ընտանիքում ահավոր վիճակ է, խեղճուկրակ հայրը շփոթված, շոկի մեջ է, մորն էլ հազիվ են կարողանում ուշքի բերել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզի Խանջյան գյուղում փետրվարի 23-ին սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ 14-ամյա պատանուն ընտանիքի անդամները հայտնաբերել են տանը կից անասնագոմում պարանով կախված վիճակում: Նա սովորում էր 10-րդ դասարանում: Ըստ նախնական տեղեկությունների, պատանին նույն օրը ժամը 16.00-ի սահմաններում, իրենց տան դիմաց գտնվող անասնագոմում հակի թելով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Հանգամանքները պարզվում են: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից:





























