Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում հեպատիտ C-ով զանգվածային վարակի փաստով քրեական գործի շրջանակում լրացուցիչ փորձաքննություններ են նշանակվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց Քննչական կոմիտեի ղեկավարի խորհրդական Սոնա Տրուզյանը:
Մասնավորապես, նշանակվել են լրացուցիչ դատա-միկրոկենսաբանական, դատա-համաճարակաբանական, դատա-վարակաբանական համալիր հետազոտություններ: Բացի այդ, դեռեւս չեն ստացվել նախկինում նշանակված մի քանի փորձաքննությունների արդյունքները:
Սոնա Տրուզյանի խոսքով, ներկայում քննչական խումբը դեպքի վայրում է:
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով, քրեական գործի շրջանակում տասնհինգ մարդ տուժած է ճանաչվել: Հաշվի առնելով հեպատիտ C-ով զանգվածային վարակի փաստով գործի կարեւորությունը, այն փոխանցվել է ՔՎ գլխավոր քննչական վարչության վարույթ:
2014 թվականի ընթացքում Քաջարանի բժշկական կենտրոնում 191 մարդ է վիրահատվել: Նրանցից, ինչպես նաեւ հիվանդանոցի բուժանձնակազմից, արյան անալիզ է վերցվել: Նմուշներն ուղարկվել են Երեւան հետազոտության՝ վիրուսի առկայությունը բացահայտելու համար: Քաջարանի հիվանդանոցի տնօրենը հեռացել է պաշտոնից:





























