Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մոտենալու առիթով Հարավային Կոնեկտիկուտի (ԱՄՆ) պետական համալսարանի ռեկտոր Մերի Ա.Փափազյանը թուրք իրավապաշտպան Օսման Քավալայի հետ քննարկել է այդ հարցի հետ կապված իրադարձությունների զարգացումը: Այս մասին գրում է Southern News-ը:

«Այսօրվա Թուրքիան 100 տարի առաջվա Թուրքիան չէ: Հետեւաբար, շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել, ինչպիսի հակասություններ կան, եւ այդ ամենից ինչ կարող է ստացվել»,- ասել է Փափազյանը:

Իր հերթին, Օսման Քավալան նշել է, որ փոփոխությունների մասին է վկայում հայկական եկեղեցիների վերականգնման փաստը, որոնք նախկինում հայկական չէին համարվում: Ցուցատախտակների վրա նույնիսկ «հայկական» բառը չկար, մինչեւ մի քանի շաբաթ առաջ պետությունը հանդես է եկել նման առաջարկությամբ:

Քավալան «Anadolu Kültür» հասարակական կազմակերպության նախագահն է: Որպես իրավապաշտպան՝ նա նպաստում է Թուրքիայի եւ նրա հարեւանների միջեւ մշակութային հարաբերությունների զարգացմանը: