ԼՂՀ ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում անցած տարվա դեկտեմբերի 4-ին մահացու վիրավորում ստացած գյումրեցի 19-ամյա Արթուր Մարգարյանի գործով նախաքննությունը շարունակվում է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից:
Նրանց խոսքով՝ գործով մեղադրյալներ չկան, նախաքննություն է ընթանում:
Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝ ինքնասպանության հասցնելը։ Արթուրի հարազատները, սակայն, ինքնասպանության վարկածին չեն հավատում:
«Արթուրը եղբոր հետ միշտ կապի մեջ է եղել, Անդրանիկը նրան միշտ ներկայացրել է բանակային կյանքը, Արթուրն էլ եղբոր փորձով միշտ հպարտացել է, չէր կարող բանակի մասին էդքան բան իմացողն ինքնասպան լինել»-ասել էին բարեկամները:
Հիշեցնենք, որ դիակի դատաբժշկական փորձաքննությանն այդ ժամանակ մասնակցել էին Արթուրի հարազատները, մահացածի վրա հայտնաբերվել էր միայն կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք։





























