Ամերիկյան «Contour Global» ընկերությունը «Որոտանի կասկադ ՀԷԿ»-ի շահագործման լիցենզիայի համար դեռեւս չի դիմել Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Նազարյանը:
Նա նշեց, որ կասկադի վաճառքի մասին պայմանագրում փոփոխություններից հետո, որը հավանության է արժանացել Կառավարության փետրվարի 19-ի նիստում, ընկերությունը պետք է լիցենզիայի հայտ ներկայացներ հանձնաժողովին: «Մենք նրանցից լուրեր ենք սպասում»,- հավելեց Նազարյանը:
«Որոտանի կասկադ ՀԷԿ»-ը կազմված է 3 էլեկտրակայանից. Սպանդարյան (76 ՄՎտ հզորությամբ), Շամբի (171 ՄՎտ) եւ Տաթեւի (157.2 ՄՎտ): Դրանց ընդհանուր հզորությունը կազմում է հանրապետությունում գեներացվող հզորության շուրջ 12%-ը:
«Որոտան կասկադ ՀԷԿ»-ի 100%-անոց բաժնետերը Հայաստանի կառավարությունն է: 2013 թվականի նոյեմբերի 27-ին հայկական կողմը հավանության արժանացրեց «Որոտանի կասկադ ՀԷԿ»-ը «Contour Global»-ին վաճառելու գործարքը, որը պատրաստակամություն է հայտնել 180 մլն դոլար ներդնել: Սակայն գործարքը մինչեւ հիմա չի կնքվել:





























