Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային  վարչության պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանը դեռ չի հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցն հայտնեցին ոստիկանությունից: Նրանց փոխանցմամբ՝ զինծառայողին դեռ որոնում են:

Շիրակի մարզի Մարմաշենի գյուղապետ Աշոտ Եղոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ որեւէ նորություն չունի նաեւ զինծառայողի կինը եւ վերջինիս ընտանիքը: Նա նշեց, որ երեկ լուր էր տարածվել, որ Երեւանում դիակ են գտել, մտածել են, թե ինքն է, բայց, բարեբախտաբար, ինքը չի: Գյուղապետը 99 տոկոսով համոզված է, որ զինծառայողը ողջ է:

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 26-ամյա պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանը կորել էր փետրվարի 21-ին։ Նույն օրը Արթուր Աֆյանի կինը՝ Ալվարդ Մկրտչյանը դիմել էր Ոստիկանություն։  Կնոջ հավաստմամբ՝ հայտնել էր, որ ինքը հեռախոսազրույց է ունեցել իր ամուսնու հետ։ Արթուրը հրաժեշտ էր տվել կնոջը եւ ասել, որ այլեւս չի վերադառնալու։ Համաձայն օրենսդրության, եթե անհետացումից 10 օր անց քաղաքացին չի հայտնաբերվում, ապա հարուցվում է քրեական գործ։

Ըստ որոշ տեղեկությունների՝ ընտանիքը պարտքեր է ունեցել։ Սակայն Ալվարդ Մկրտչյանը պնդում է, որ ամուսնու անհետանալուց օրեր առաջ իրենք գրավ են դրել թանկարժեք իրերը պարտքերը մարելու համար։