Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը փետրվարի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին:
Վարչապետը ողջունել է տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների ոլորտներում ձեւավորված համագործակցության բարձր մակարդակը՝ կարեւորելով այդ ուղղությամբ կատարվող աշխատանքների բազմապատկման անհրաժեշտությունը: Ա. Հարությունյանը ներկայացրել է ԼՂՀ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները, ինչպես նաեւ բնագավառում նախատեսվող բարեփոխումների հիմունքները:
Ա. Երիցյանը, շեշտադրելով իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցելու ՀՀ եւ ԼՂՀ պետական մարմինների միջեւ ոլորտային համագործակցության զարգացմանը, առաջիկա քայլերի վերաբերյալ ներկայացրել է իր պատկերացումները: Կողմերի միջեւ պայմանավորվածություններ են ձեռք բերվել առկա համատեղ ծրագրերի խորացման ուղղությամբ: Մասնավորապես, միջմարզային համագործակցության եւ արտակարգ իրավիճակների բնագավառի մասնագետների վերապատրաստման հարցերը գտնվելու են պետական համապատասխան մարմինների ուշադրության ներքո:
Հանդիպմանը մասնակցում էին նաեւ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Լեւոն Գրիգորյանը, ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը եւ այլ պաշտոնատար անձինք:





























