Հայաստանի խորհրդարանը պատրաստվում է արագացված կարգով փոփոխություններ կատարել «Շահութահարկի մասին» օրենքում՝ ի շահ արտահանող հսկաների: Իշխող ՀՀԿ խմբակցությունն առաջարկել է օրինագիծը քննարկել 48-ժամյա ռեժիմով:

Այս առաջարկը բուռն բողոք է առաջացրել ոչ իշխանական ուժերը ներկայացնող պատգամավորների շրջանում: ՀԱԿ-ի, ՕԵԿ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչները ընդգծել են, որ նման կարեւոր փաստաթուղթը չի կարելի ընդունել այդքան արագ:

Մասնավորապես, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն հայտարարել է. «Եթե բոլոր քաղաքական ուժերն ասում են դա հապշտապ, «թըփշըփ» որոշում է, ապա ականջալուր ինչո՞ւ չեք լինում, չի կարելի նման «շըփթըփությամբ» օրինագիծ բերել ու ընդունել: Դահլիճն ասում է՝ արգումենտներ ունենք, համբերեք դա բերենք ու քննարկենք»:

ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանն էլ նշել է, որ լրջագույն մտավախություն կա, որ սա բերելու է արտահանման մենաշնորհի. «Մենք առաջարկում ենք հետ վերցնել այս օրինագիծն, ու հնարավորություն ընձեռվի անցկացնել հավելյալ քննարկումներ, այլ ոչ թե 48 ժամում ընդունենք այս օրինագիծը»,-ըդգծել է Շահգելդյանը:

Ըստ օրինագծի՝ շահութահարկը 20 տոկոսից պետք է դառնա 2 տոկոս այն ընկերությունների համար, որոնք տարեկան ավելի քան 50 մլրդ դրամի ապրանք են արտահանում՝ ուղղված բացառապես դրսի շուկաներին: Օրինագիծը չի տարածվում լեռնահանքային արտադրանք արտահանողների վրա: Ներկայումս նման արտահանողներ Հայաստանում չկան (նման ծավալի միակ արտահանողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է):