Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերություններում փորձարկումներն արհեստական են ստեղծվում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ հանդիպման ժամանակ:
«Մեր հարաբերությունները լուրջ փորձության են ենթարկվում, որոնք արհեստականորեն են ստեղծված: Դա չի նպաստում արտաքին քաղաքականության ոլորտում փոխգործակցությանը, թեեւ սպառնալիքները չեն քչանում»,-ասել է Լավրովը:
«Մենք Փարիզում քննարկեցինք ԵԱՀԿ-ի դերը: Մենք համաձայնեցինք, որ հիմա պետք չէ ինչ-որ նոր գաղափարներ որոնել, որոնք կապված են Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործընթացի դիտարկմանը»,-ասել է Լավրովը:
«Մինսկում հստակ պայմանավորվել ենք, որ այդ դերը պետք է կատարի ԵԱՀԿ-ն եւ ԵԱՀԿ առաքելության ժամկետը պետք է երկարեցվի ու ուժեղացվի, այդ թվում նաեւ անձնակազմով, սարքավորումներով ու ֆինանսներով»,-ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը:
«Մեզ մի փոքր անհանգստացնում է, որ հիմա, երբ սկսվել է ապստամբների կողմից ծանր տեխնիկայի հետքաշումը, ԵԱՀԿ դիտորդները չեն ուղեկցում այդ գործողությունների ժամանակ, իսկ նրանք պետք է դիտարկեն այդ գործընթացը փետրվարի 12-ին Մինսյան պայմանավորվածությունների համաձայն: Մենք հիմա շտապ դիմում ենք ԵԱՀԿ նախագահին եւ այդ կառույցի գլխավոր քարտուղարին, որպեսզի համապատասխան հանձնարարություններ տան Ուկրաինայում դիտարկման առաքելության ղեկավարներին:
Հիմա շատ բան կախված է դիտորդների ազնիվ, օբյեկտիվ, անկաշառ մոտեցումից, որոնք պետք է ֆիքսեն տեղի ունեցող իրադարձությունները, որպեսզի մենք բոլորս չտրվենք այն պնդումներին, թե մինսկյան պայմանավորվածություններն արդեն խախտված են: Իսկ դրանք խախտել ցանկացողները Ուկրաինայի սահմաններից դուրս են,Կիեւում էլ այդպիսիք քիչ չեն»,-ընդգծել է Լավրովը:



























