Թուրքիայում անօրինական գաղտնալսումների գործով հերթական գործողության ժամանակ ձերբակալվել են «զուգահեռ կառույցի» գործով անցնող 40 ոստիկաններ։

Թուրքական Star պարբերականի փոխանցմամբ՝ Անկարայում եւ եւս 19 նահանգներում փետրվարի 25-ի առավոտյան համաժամանակյա գործողություններ են իրականացվել գյուլենական ոստիկանների դեմ։  Գործողության ժամանակ հաջողվել է ձերբակալել 54 ոստիկաններից 40-ին։

Նշենք, որ Ֆեթուլահ Գյուլենը խոշոր կրոնա-հասարակական շարժման առաջնորդ է, արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզի տեսության կրող: Նրա կողմից ղեկավարվող Գյուլենի համայնքը թե Թուրքիայում, թե դրանից դուրս ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ:

Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք» գործողությունն ընդդեմ վարչապետի եւ նախարարների դեմ։