Խոշոր ընկերություններին շահութահարկի արտոնություն տալու մասին օրինագիծը պետք է ընդունել հնարավորինս շուտ: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, ԱԺ-ում հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը՝ «Շահութահարկի մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ:
Օրինագիծն առաջարկում է տարեկան 50 մլրդ դրամից ավելի արտահանում ունեցող ընկերությունների համար շահութահարկը 20 տոկոսից դարձնել 2 տոկոս:
ՀՀԿ խմբակցությունն առաջարկել է օրինագիծն ընդունել արագացված կարգով՝ 48 ժամվա ընթացքում:
Ընդդիմադիրների առաջարկին, որ պետք չէ շտապել այս հարցում, Նաղդալյանը պատասխանել է. «Գործընկերներ, պատկերացրեք, ինչ կլինի, եթե մենք հետաձգենք: Հաջորդ լիագումար նիստը տեղի է ունենալու մարտի վերջին: Բոլոր գործող ընթացակարգերով, օրենքը նախագահի ստորագրմանն ուղարկելով, հրապարակմամբ, այն ուժի մեջ կմտնի մայիս-հունիսից ոչ շուտ: Իսկ մինչ այդ կանցնի մեր գյուղատնտեսական արտահանման սեզոնի կեսը:
Ուստի օրենքը պետք է ընդունել որքան հնարավոր է, շուտ՝ ելնելով մեր գյուղատնտեսական արտադրանք արտադրողների շահերից»:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 22-ին, երբ կառավարությունը ներկայացնում էր այս օրինագիծը, Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը հայտարարել էր լրագրողներին, որ արտոնությունները վերաբերում են ոչ թե գործող ընկերություններին կամ ոլորտներին, այլ ուղղված են ապագային, որ գրավեն պպոտենցիալ ներդրողներին:
Ի հակադրություն դրա, Նաղդալյանը կոնկրետ ոլորտ է նշել, ինչը նշանակում է նաեւ հնարավոր ընկերություն, որն շտապում է կենտորնացնել ամբողջ ագրարային ոլորտը արդեն այս տարի:
Հաշվի առնելով 50 մլր դրամի շեմը եւ Հայաստանում ներկա արտադրության ծավալները, այստեղ միայն մեկ ընկերության հազիվ կարողանա տեղ ունենալ:
Ներկայումս Հայաստանում նման մասշտաբի արտահանող միայն մեկ ընկերություն կա՝ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը, բայց լեռնահանքային արդյունաբերության վրա այդ արտոնությունը չի տարածվում:
Կոնյակի եւ ծխախոտի արտահանման ընդհանուր գումարը գերազանցում է 50 մլրդը, սակայն արտոնությունը նախատեսվում է միայն հիմնական արտահանողների համար, այլ ոչ թե վերավաճառողների։ Եթե գյուղատնտեսական արտահանումից հանենք թարմ ձուկը, որը նույնպես արտահանում են իրավաբանական անձինք, ապա գյուղատնտեսական արտադրանքը կարող է նշանակել անհատ գյուղացիներից կատարած զանգվածային առեւտուրը։ Այս վերավաճառքի դեմ ֆինանսների նախարարությունը առանձնապես վերապահումներ չի արել։ Նշվում է միայն, որ ծրագիրը պետք է հավանության արժանանա Կառավարության կողմից (թե ինչ չափանիշներով, օրենքը չի պարզաբանում)։
2014թ. մայիսին խոշոր խմբաքանակով գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը (խաղող, կորիզավոր մրգեր, կարտոֆիլ, կենդանի ոչխարներ) կազմել է 26.5 մլրդ դրամ՝ հաշվի առնելով համեմատաբար ցածր բերքատվությունը։ 2013թ. ընդհանուր արտահանումը կազմել է 47.3 մլրդ դրամ։ Եթե սրան ավելացնենք մորթված անասունի միսը, հունդավոր մրգերը եւ կարտոֆիլից բացի այլ բանջարեղենը, ապա արտահանման ծավալները միանշանակ գերազանցում են 50 մլրդ դրամը։





























