«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարող է շարունակել աշխատել ընդդիմադիր դաշտում։ Այս մասին փետրվարի 25-ին լրագրողներին հայտարարեց խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը։

Միաժամանակ  նա նշեց, որ իր կարծիքով՝ ԲՀԿ-ն պետք է փոխի իր ռազմավարությունը։ «Հայաստանի հանրապետական կուսակցության վերաբերմունքը, որն արտահայտել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, չի փոխվել»,- հայտարարել է Սահակյանը։

«Քաղաքականության  մեջ կան ամբիցիաներ, բայց գալիս է նաեւ դատողությունների ժամանակը։ Ուստի Սերժ Սարգսյանի հայտարարություններին պետք է ավելի լուրջ վերաբերվել»,- հավելել է խորհրդարանի խոսնակը։

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին, ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  հայտարարել էր, թե Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։ Մեկ օր անց Ծառուկյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ իրենք գնում են իշխանափոխության: Սակայն փետրվարի 17-ին տեղի ունեցած Սարգսյան-Ծառուկյան հանդիպումից հետո ԲՀԿ առաջնորդը նորից հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ հանրահավաքը չեղյալ է համարվում: