ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արգելափակել է Կանադայից Keystone Pipeline XL խողովակաշարի կառուցման մասին օրինագիծը: Ըստ Foreign Policy-ի, դրա համար պետության ղեկավարը երրորդ անգամ օգտվել է վետոյի իր իրավունքից:

«Քանի որ այս օրինագիծը հակասում է գործադիր իշխանության ընդունած գործընթացներին եւ կարող է առնչվել մեր ազգային շահերին (մասնավորապես՝ շրջակա միջավայրի պահպանության հարցերին), ես դրա վրա վետո եմ սահմանում»,- ասված է Օբամայի հայտարարությունում:

Փետրվարի 12-ին Ներկայացուցիչների պալատում խողովակաշարի շինարարության նախագծին կողմ է քվեարկել 270 մարդ, դեմ՝ 152-ը: Սպիտակ տունը պարզաբանել է, որ նախագահն օրինագիծը հավանության կարժանացնի այն դեպքում, եթե պահպանվեն բնապահպանական բոլոր նորմերը (Keystone Pipeline XL-ի շինարարության դեմ հանդես գալիս բնության պաշտպանները):

Սենատում հանրապետականների ղեկավար Միթչ ՄաքՔոնելի խոսքով, մարտի 3-ից ոչ ուշ կրկնակի քվեարկություն է անցկացվելու՝ Օբամայի որոշումը չեղարկելու համար: Դրա համար, ըստ Foreign Policy-ի, անհրաժեշտ է Կոնգրեսի ցանկացած պալատի ձայների երկու երրորդը:

3.45 հազար կմ երկարությամբ խողովակաշարի նախագիծը, որը պետք է մեկնարկի կանադական Ալբերտ շրջանից եւ հասնի մինչեւ ամերիկյան Նեբրասկա նահանգ, առաջարկվել է 2008 թվականին: Հանրապետականների կարծիքով, Keystone Pipeline XL-ը կօգնի հազարավոր աշխատատեղեր ստեղծել: Նախագծի արժեքը 7 մլրդ դոլար է: