Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Բարեփոխումների միջազգային խորհրդի ղեկավար Միխայիլ Սահակաշվիլին 3 օր շարունակ բանակցություններ կվարի ԱՄՆ Կոնգրեսի հետ Ուկրաինային ինքնապաշտպանական զենք մատակարարելու հարցով։ Այս մասին  Սահակաշվիլին գրել է իր ֆեյսբուքյան էջում։

Նա հայտնել է, որ արդեն հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում Մագնիտսկու ցուցակի հեղինակ սենատոր Բեն Կարդինի հետ։ Առաջիկայում սպասվում են հանդիպումներ Սենատի կոմիտեների եւ Ներկայացուցիչների պալատի անդամների ու այլ քաղաքական առաջնորդների հետ։

«Բանակցության թեման Ուկրաինային ինքնապաշտպանական սպառազինություններ մատակարարելու նպատակով օրենսդրական ճնշման մեծացումն է»,- մեջբերում է Սահակաշվիլիի հայտարարությունը Insider-ը։

Նա նաեւ նշել է, որ այսպիսի քանակությամբ օրենսդիրներ դեռ երբեք չէին ներկայացել նրա հետ հանդիպմանը նույնիսկ այն ժամանակ, երբ Սահակաշվիլին զբաղեցնում էր Վրաստանի նախագահի պաշտոնը։

«3 օրվա ընթացքում 34 հանդիպում, ըստ իմ չափանիշների, գերծանրաբեռնված գրաֆիկ է»,- ընդգծել է Սահակաշվիլին։