Հայաստանում 2014թ. աճել է հատկապես ծանր հանցագործությունների թիվը, իսկ քաղաքային փողոցներում տեղադրված տեսախցիկները ոչ մի կերպ չեն օգնում այս հարցում։ Այս մասին փետրվարի 25-ին խորհրդարանում հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։  Պատգամավորը սարկազմով նշել է, որ չի կարելի պնդել, թե կառավարությունը ոչ մի հարցում առաջընթաց չի գրանցել։ «Մեկ դեպք կարելի է գտնել։ Ըստ ճանապարհներին տեղադրված տեսախցիկների տվյալների՝ 2014թ. 18 տոկոսով աճել են արագության գերազանցման համար տուգանքները։ Եթե 2013թ. տուգանքները կազմել էին 8 մլրդ 950 մլն դրամ, ապա 2014թ. դրանք արդեն կազմում են 10 մլրդ դրամ»։ Սակայն ճանապարհային այդ հսկողությունը չի օգնել պակասեցնել ՃՏՊ-ների հետեւանքով տուժածների թիվը. 2014թ. դրանց քանակն աճել է 12 տոկոսով։

«Գումարները, որոնք ՀՀ քաղաքացիները ծախսում էին իրենց ընտանիքների եւ երեխաների համար, հիմա վճարում են Ոստիկանությանը, իսկ վերջինս այն կիսում է արագաչափերի ու տեսախցիկների տեղադրմամբ զբաղվող «սեքյուրիթի դրիմ» ընկերության հետ։ Անհասկանալի է, թե ո՞նց են այդ տեսախցիկները «հաջողացնում» չնկատել նրանց, ովքեր անպատիժ ծեծում են մարդկանց։ 2014թ. Հայաստանում հատկապես ծանր հանցագործությունների թիվը աճել է 7.4 տոկոսով։ Քաղաքում գործում են դիմակավոր ավազակախմբեր։ Անցյալ տարի գրանցվել է նման հարձակումների առնվազն 3 դեպք։ Ինչպե՞ս է նրանց հաջողվում խուսափել տեսախցիկներից։ Չէի՞ք պարզաբանի»,- ասել է Փաշինյանը։