Ամերիկյան Միչիգան նահանգի Քենթ շրջանի դատարանում Հայաստանից 26-ամյա մայրն ատենակալներին սարսափելի պատմություն է ներկայացրել այն մասին, թե ինչպես է փորձել փրկվել կատաղած եւ խանդոտ ամուսնուց՝ Արթուր Գրիգորյանից, եւ թե ինչպես է վերջինն անցյալ տարվա ապրիլին ավտոկայանատեղիում կրկին հարձակվել իր վրա:

Ըստ MLive.com-ի, կինն ուսի շրջանում հրազենային վնասվածքներ է ստացել, սակայն նրան հաջողվել է Գրիգորյանի ձեռքից ցած նետել ատրճանակը, երբ վերջինը սկսել է հանել փամփուշտները, ինչի արդյունքում հասցրել է փախչել: Երբ միջադեպի ականատեսը կնոջը տարել է մոտակա եկեղեցի, Գրիգորյանն ատրճանակը մոտեցրել է իր կզակին եւ կրակել: Փամփուշտը դուրս է եկել Գրիգորյանի ականջի կողքից, ինչի հետեւանքով նրա մի ականջը խլացել է, բայց տղամարդը չի մահացել: Նրան մեղադրանք են առաջադրել սպանության փորձի եւ զենք կրելու համար:

Գրիգորյանի կինը պատմել է, որ ամուսնու հետ Հայաստանից ԱՄՆ է փոխադրվել 2011 թվականի մայիսին, «գրին քարտ» շահելուց հետո: Նախ ապրել են ամուսնու հորեղբոր տանը, իսկ հետո 5 տարեկան դստեր հետ փոխադրվել են իրենց բնակարան: Սակայն շուտով ամուսնալուծվել են, քանի որ Գրիգորյանը սկսել է ավելի ագրեսիվ եւ խանդոտ պահվածք դրսեւորել: Կինը բազմիցս ոստիկանություն է կանչել, ինչի արդյունքում ամուսինը փոխադրվել է հորեղբոր տուն:

Հայաստանում ապրող մոր պնդմամբ, որը դեմ է եղել ապահարզանին, կինը համաձայնել է հանդիպել Գրիգորյանին՝ հաշտվելու հնարավորությունների մասին խոսելու համար: Հանդիպումը սկսվել է ծաղիկներով եւ ընթրիքի հրավերով, բայց արագորեն վերածվել է վեճի: Ամուսինը մեքենան կանգնեցրել է եկեղեցու մոտ գտնվող կայանատեղիում: Գրիգորյանը կնոջը մեղադրել է անհավատարմության մեջ, հանել ատրճանակը եւ հայտարարել, որ ցանկանում է սպանել այն տղամարդուն, որին կասկածում է կնոջ հետ կապ ունենալու մեջ: Միջադեպն ավարտվել է ինքնասպանության փորձով:

Բեռնատարի նստարանին, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, ոստիկանությանը հասցեագրված նամակ է եղել, որում Գրիգորյանը խնդրել է դստերը փոխանցել իր հորեղբորը, իսկ կնոջն ու նրա ենթադրյալ սիրեկանին մեղադրել է իր դեմ դավադրություն կազմակերպելու մեջ:

Սպասվում է, որ դատաքննությունը կավարտվի այս շաբաթ: