Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այնպիսի ռեժիմ է սահմանելու, որ պատգամավորներ Հրանտ Բագրատյանն ու Վարդան Այվազյանը «կուշտ» վիճեն իրար հետ:

Այսօր՝ փետրվարի 26-ին, «Շահութահարկի մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը, ներկայացնելով օրենքի առավելությունները, նշեց, որ ցավում է՝ օրենքի ընձեռնած հնարավորությունները չեն հասկանում:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի միջամտությանը՝ Վարդան Այվազյանը կոպիտ արձագանքեց. «դե հիմա կանգնեք էլի, ես Ձեզ չէի խանգարում», իսկ Գալուստ Սահակյանն էլ խոստացավ ռեժիմ սահմանել, որ կարողանան «կուշտ» վիճել իրար հետ:

Ընդդիմադիր պատգամավորները, այնուամենայնիվ, նստած տեղից անընդհատ միջամտում էին:

«Ես նորից եմ կրկնում, սիրելի գործընկերներ, պատասխանատվությունը կոնկերտ գործողություն է: Եթե որեւէ մեկը կարողանում է ՀՀ-ում 50 մլրդ դրամի ապրանք արտահանել... տիկին Բիշարյան, խնդրում եմ, մի խանգարեք ինձ: Ես ձեզ շատ եմ սիրում ու հարգում... ապացո՞ւյց եք ուզում, պարոն Բագրատյան, էդ բանը մասսայական չենք ապացուցում, դա պիտի զգաք... այն մարդը, որը գալիս է եւ այստեղ փող է ներդրում, ինքը պետք է ունենա արտոնյալ վիճակ: Պարոն Բագրատյան, ի դեպ, սա Ձեր դրած օրենքներով է գալիս, հիշեցնեմ Ձեզ...»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը՝ այդպես էլ չկարողանալով ավարտել խոսքը:

Նշենք, որ օրենքով հարկը ծրագրվում է նվազեցնել 20-ից 2 տոկոսի, բայց միայն այն ընկերությունների համար, որոնք տարեկան 50 մլրդ դրամից (105 մլն դոլար-խմբ.) ավելի են արտահանում։