Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, կուսակցության փոխնախագահներ Հեղինե Բիշարյանն ու Մհեր Շահգելդյանը հանդիպել են Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ` վերջիններիս նախաձեռնությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական ներկայիս վիճակին, սոցիալ տնտեսական հիմնախնդիրներին, արտաքին քաղաքականությանը, մասնավորապես Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությանը առնչվող հարցերի լայն շրջանակ:

Դեսպանների խնդրանքով «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդը ներկայացրել է իր ղեկավարած քաղաքական ուժի տեսակետները Հայաստանի ներքաղաքական իրողությունների եւ գործընթացների, ինչպես նաեւ արտաքին քաղաքական օրակարգում առկա հիմնահարցերի վերաբերյալ:

ՕԵԿ նախագահն ընդգծել է. «Հայաստանը հետեւողականորեն պետք է առաջ ընթանա համարձակ եւ մրցունակ սոցիալ-տնտեսական եւ քաղաքական բարեփոխումների միջոցով, վարի նախաձեռնողական ներքին եւ արտաքին քաղակականություն` ձեռնամուխ լինելով երկրում կուտակված խնդիրների լուծմանը` կիրառելով  արդիական մեխանիզմներ եւ նորարարական լուծումներ»:

ՕԵԿ նախագահն ու փոխնախագահները նաեւ պատասխանել են դեսպաններին  հետաքրքրող հարցերի: