Ներում շնորհելու խնդրով նախագահին կարող է դիմել միայն դերասան Վարդան Պետրոսյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Նիկոլայ Բաղդասարյանը:
Անդրադառնալով մշակութային գործիչների Վարդան Պետրոսյանի ազատ արձակվելու համար ՀՀ նախագահին դիմելու խնդրին՝ փաստաբանը նշեց, որ նման խնդրանքով նախագահին կարող է դիմել միայն Վարդան Պետրոսյանը, որեւէ այլ անձ իրավասո չէ դիմել: «Իսկ Վարդանը չի դիմելու նախագահին, դրա կարիքն էլ չկա: Եթե դատական ակտը ուժի մեջ մտնի, Վարդանը ազատության մեջ կլինի, քանի որ անզգույշ հանցագործությունների համար նախատեսվում է պատիժը կրել բաց ռեժիմով: Տուժող կողմի բողոքների արդյունքն այն է լինելու, որ որոշ ժամանակ նա կմնա անազատության մեջ»,-ասաց փաստաբանը: Նա նաեւ նշեց, որ դատավճիռը բողոքարկելու վերջնաժամկետը երկուշաբթի է, այս պահին իրենք ծանուցում չենք ստացել Հակոբյանների բողոքարկման մասին:
Ի դեպ, երեկ՝ փետրվարի 27-ին, Վարդան Պետրոսյանի տարեդարձն էր, դերասանը այն անց է կացրել անազատության մեջ: Այդ օրը Նիկոլայ Բաղդասարյանը այցելել է նրան:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար են բախվել: Պատահարի արդյունքում 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել են:
Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր: Դատաքննությունը սկսվեց 2014 թվականի մարտի 12-ին: Հայաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին՝ նրան դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման:





























