2015 թվականի հունվարի 31-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, քաղաքացի Անդրանիկ Հ.-ն չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող, հատուկ ծառայություն իրականացնող անձանց օրինական պահանջին: Մասնավորապես`  Անդրանիկ Հ.-ն հրավիրվել է ոստիկանության Մեծամորի բաժին իրեն ծեծի ենթարկելու վերաբերյալ դստեր կողմից կատարված ահազանգի կապակցությամբ պարզաբանումներ տալու նպատակով, սակայն նա, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանել և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով Անդրանիկ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Անդրանիկ Հ.-ն հայտնել է, որ հիշյալ օրը իր ինքնազգացողությունը վատացել է, չի ցանկացել գնալ ոստիկանության բաժին, սակայն ոստիկանության աշխատակիցները ձեռնաշղթաներով ստիպողաբար բերման ենթարկելիս իր նկատմամբ գործադրել են բռնություն՝ քաշքշել և հարվածել են:

Հարուցված քրեական գործը ըստ քննչական ենթակայության ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն և ընդունվել վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: