Սումգայիթյան ջարդերի 27-րդ տարելիցի կապակցությամբ այսօր՝ փետրվարի 28-ին,  հազարավոր քաղաքացիներ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում սգո երթով հարգանքի տուրք մատուցեցին զոհերի հիշատակին:

Քաղաքացիները «Մարդկության դեմ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն», «Ադրբեջանի պետական գաղափարախոսությունը՝ սաֆարիզմ», «Սումգայիթում արվածը՝ ցեղասպանություն, իսկ կատարողները միջազգային հանցագործներ են», «Պահանջում ենք արդարություն» եւ այլ գրությամբ պաստառներով Ստեփանակերտի գլխավոր հրապարակից երթով հասան սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիր, որտեղ ծաղիկներ դրեցին եղբայրական գերեզմանին:

«Այս սգո երթով մենք ցանկանում ենք ցույց տալ, որ չենք մոռացել տեղի ունեցածի մասին: Ցանկանում ենք, որ ապագա սերունդը տեղյակ լինի մեր պատմությունից, տեղյակ լինի, թե ովքեր են մեր հարեւանները, ինչ են արել մեր նկատմամբ: Սումգայիթում տեղի ունեցածը մարդկային տրագեդիա էր, ու դա փաստող բազմաթիվ վկայություններ կան: Այնպիսի կադրեր կան, որ զարմանալի է՝ մարդ ինչպես կարող է նման դաժանության դիմել: Կատարվածը էթնիկ, դաժան հանցագործություն էր Սովետական Միությունում: Մարդիկ եւ հոգեբանորեն, եւ ինքնապաշտպանության առումով պատրաստ չէին, մարդիկ հավատում էին սովետական համակարգին: Այդ պատճառով Սումգայիթում մարդիկ համարյա թե դիմադրություն ցույց չեն տվել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց երթի մասնակից, Արցախի ՏՏ զարգացման կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գրիգորյանը:

Նշենք, որ երթին մասնակցում էին ԼՂՀ քաղաքացիներ, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորներ եւ Կառավարության ներկայացուցիչներ: Երթին մասնակցելու համար Երեւանից ժամանել էին նաեւ 1200 ՀՅԴ անդամներ:

1988թ. փետրվարի 27-ից 29-ը Սումգայիթում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվեց ու իրականացվեց քաղաքի հայ ազգաբնակչության ջարդ և զանգվածային տեղահանություն, որի հետևանքով սպանվեց պաշտոնական տվյալներով՝ հազարից ավելի մարդ, որոնց մեծ մասը ենթարկվեցին նաև խոշտանգումների, տասնյակ հազարավոր մարդիկ ունեզրկվեցին, դարձան փախստականներ:

Նշենք, որ փետրվարի 28-ը Ադրբեջանական ԽՍՀ-ում իրականացված ջարդերի զոհերի հիշատակի եւ բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրն է: