Ստորեւ ներկայացնում ենք «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանի հոդվածը՝ կրճատումներով։

«Անցյալ ամիս երեք հայ երիտասարդ գործարարներ վաճառասեղան էին վարձակալել Գլենդելում գտնվող «Ամերիկանա» առևտրային, ռեստորանային և թատերական մեծ համալիրում՝ իրենց shop1915.com կայքում գովազդվող շապիկները, գլխարկները և հագուստի պարագաները վաճառելու համար:

Թինա Չուլջյանը, Ալեքս Կոտագոլյանը և Արմին Հարիրին (հայտնի որպես ռեպեր «Ար-Մին») սկսեցին իրենց ապրանքների վաճառքը՝ «Ամերիկանայի» լիզինգի աշխատակիցների կողմից դրանք հաստատելուց հետո:

Այդ երեք հայերի բիզնեսի բացման օրը՝ փետրվարի 12-ին, «Ամերիկանայի» ղեկավարությունն անսպասելիորեն հայտնեց նրանց, որ վաճառասեղանից հեռացնեն բողոքի բոլոր պատկերները: Չնայած վաճառասեղանի վրա բողոքի որևէ պատկեր չկար, բացառությամբ վաճառքում առկա շապիկներով մարդկանց պաստառների, Չուլջյանը տեղեկացրեց «Կալիֆորնիա կուրիերին», որ նա անմիջապես հանել է այդ պաստառները՝ խուսափելով «Ամերիկանայի» հետ որևէ վեճից:

 Փետրվարի 25-ին «Ամերիկանան» վերջնագիր ներկայացրեց Թինային և նրա երկու գործընկերներին, որ 24 ժամվա ընթացքում նրանք պետք է փոխեն վաճառքի հանված իրենց ապրանքատեսականին, պնդելով, որ բողոքներ են եղել «ցեղասպանության» հագուստ վաճառելու մասին: Հակառակ դեպքում, նրանք ընդամենը երեք օր ունեն տարածքն ազատելու համար:

Մտահոգվելով, որ իրենք վտարման եզրին են, գործարարները համաձայնեցին չցուցադրել հայկական շապիկները և դրանք վաճառել միայն հաճախորդների պահանջի դեպքում: Նույն օրը կեսօրից հետո «Ամերիկանայի» մի պաշտոնյա վերահաստատեց, որ «ցեղասպանության» թեմայով հագուստի բոլոր տարրերը պետք է ամբողջությամբ հեռացնել վաճառասեղանի վրայից...

Թինան, թեև հիասթափված էր, որ անկարող գտնվեց պաշտպանելու իր օրինական շահերը, սակայն որոշեց հետևել փաստաբանի խորհրդին և դժկամությամբ ենթարկվեց  «Ամերիկանայի» ապօրինի ու դաժան հրամաններին՝ իր բիզնեսը չկորցնելու համար: «Այնպիսի տպավորություն ունեի, որ կարծես թե վերադարձել եմ «Չոր օրենքի» տարիները և արգելված ապրանք եմ վաճառում», ասաց Թինան «Կալիֆորնիա կուրիեր» թերթին»: