Մարտի 7-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքի Ցուցահանդեսների պալատում տեղի ունեցավ Նիցցայի 71-րդ միջազգային տոնավաճառի բացումը, որին մասնակցել է նաեւ Հայաստանը:

Ամեն տարի Նիցցայի քաղաքապետարանը որոշում է կայացնում տոնավաճառին մասնակցելու համար հրավիրել Նիցցա քաղաքի հետ որեւէ քույր քաղաքի: Այս տարի որոշվեց մեկ մակարդակով բարձրացնելու ներկայացուցչությունը` ներկայացնել ոչ թե Երեւանը, այլ Հայաստանը` պատվո հյուրի կարգավիճակով:

Միջոցառմանը ներկա էին Նիցցայի քաղաքապետ, պատգամավոր, Նիս Կոտ Դ’Ազյուր տարածաշրջանի նախագահ Քրիստիան Էստրոզին, Նիցցայի փոխքաղաքապետեր, Նիս Կոտ Դ’Ազյուր տարածաշրջանի առեւտրի եւ արդյունաբերության պալատի նախագահ Բերնարդ Կլեյնհոֆֆը եւ «Նիսէքսպո»-ի նախագահ Ֆրեդերիկ Ժուրդան-Գասին, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, Նիս Կոտ Դ’Ազյուր տարածաշրջանի ֆրանս-հայկական տնտեսական պալատի (CEFA) նախագահ Գառնիկ Մազմանյանը, դիվանագետներ, տեղական ինքնակառավարման մարմինների եւ հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Տոնավաճառի բացման ժապավենը կտրվեց Քրիստիան Էստրոզիի եւ Սամվել Լալայանի կողմից: Այնուհետեւ տեղի ունեցավ կենտրոնական մասում տեղակայված հայկական տաղավարի պաշտոնական բացման արարողությունը:

Նիցցայի քաղաքապետն իր խոսքում նշեց, որ միշտ պատրաստ է աջակցելու ցանկացած միջոցառման, որն իր նպաստը կբերի տնտեսական, մշակութային, գիտական եւ այլ բնագավառներում ֆրաս-հայկական համագործակցության զարգացմանը: Քաղաքապետը հաջողություն մաղթեց կազմակերպիչներին եւ մասնակիցներին:

Հայկական տաղավարում ներկայացված էին Հայաստանի ձեռնարկությունների արտադրանքները` հյութեր, գինիներ, հայկական խոհանոց, հուշանվերներ: Տաղավարում մեծ տեղ էին գրավում նաեւ Հայաստանում գործող բարձր տեխնոլոգիաների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների, տուրիզմի, բանկային, շինարարական, քարի արտադրության ու վերամշակման բաժինները:

«Nice matin» օրաթերթը հաջորդ օրվա համարում «Հայաստանը կամ սերը արվեստի նկատմամբ» վերնագրով լայնածավալ հոդված տպագրեց` նվիրված հայկական տաղավարին: