Ադրբեջանում սրտատրոփ սպասում են ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Մեթյու Բրայզայի թեկնածությունը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում  հաստատելու վերաբերյալ լսումներին: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, ամերիկացի սենատորները վճռական են տրամադրված եւ շատ հարցերի պատասխաններ են պահանջում Բրայզայից: Ընդ որում, այդ հարցերը ոչ միայն աշխարհաքաղաքականությանն են վերաբերում, այլեւ նրա անձնական կյանքին: Այդ հարցերից շատերը հուշել է Ամերիկայի հայկական համագումարը, որը բացառիորեն ուսումնասիրել է Բրայզայի անձնական կյանքը, հավաքել կոմպրոմատներ եւ դրանք ներկայացրել Սենատ:

Դժվար հարցերի շարքում է, մասնավորապես, Մեթյու Բրայզայի հակասական հայտարարությունները` ԼՂ հարցի եւ Ադրբեջանում ժողովրդավարության հետ կապված: Նրան կհիշեցնեն թրքուհի Զեյնո Բարանի հետ ամուսնությունը, իր հարսանիքին Ադրբեջանի կառավարության անդամների ներկայությունը եւ էլի շատ մանրամասներ:

Սենատորների մի մասը մտադիր է բացատրություններ պահանջել դիվանագետից, թե ինչու ԱՄՆ վարչակազմն ու Պետդեպարտամենտը փակում են աչքերը Ադրբեջանում ժողովրդավարության լրջագույն խախտումների առաջ եւ ինչ է մտադիր անել Բրայզան այդ ուղղությամբ:

Բացի այդ, սենատորները սպասում են քայլերի նաեւ պաշտոնական Բաքվի կողմից, որը խոստացել էր ազատ արձակել 2 բլոգերներին եւ Էյնուլա Ֆաթուլաեւին՝ Ազգային մամուլի օրվա կապակցությամբ: «Այդ խոստումների կատարումը կօգներ Բրայզային՝ դեսպանի պաշտոնում նշանակելու հարցում»,- ասել է Սենատում քննարկման մասնակիցներից մեկը, ով չի ցանկացել հայտնել իր անունը: