Ազգությամբ արաբ Ուիսամ Ալ-Ջայուսին առաջիկա 2 տարիների ընթացքում մոտոցիկլով շրջելու է աշխարհի ավելի քան 100 պետություններով եւ հորդորելու մարդկանց գումար փոխանցել անհապաղ բժշկական օգնության կարիք ունեցող երեխաներին: Ակցիայի շրջանակում Ուիսամն օրերս եղել է նաեւ Հայաստանում: Նախաձեռնության նպատակների, Ալ-Ջայուսիի Հայաստան կատարած այցի մասին NEWS.am-ի թղթակիցը զրուցել է ակցիան նախաձեռնած Goodwill Journey ընկերության համակարգող Գորանա Վեսելինովիչի հետ:

Պատմեք Goodwill Journey-ի մասին: Որտե՞ղ է այն հիմնվել եւ ի՞նչ նպատակով:
Մենք անհատներ ենք աշխարհի բոլոր ծայրերից, մեր նպատակն է օգնել պատերազմական իրավիճակում գտնվող երկրներին, սովի եզրին կանգնած մարդկանց: Մեզնից յուրաքանչյուրն անհատապես է օգնում նախաձեռնությանը՝ կախված մեր մասնագիտացումից: Ի դեպ, բոլորս տարբեր ոլորտների մասնագետներ ենք՝ ՏՏ, գովազդ, PR եւ այլն: Մեր բոլոր ջանքերը մենք համախմբում ենք, որպեսզի օգնենք կարիքի մեջ գտնվող մարդկանց:
Ուիսամ Ալ-Ջայուսին Goodwill Journey-ի հիմնադիրն է, ընկերությունը գործում է Դուբայում արդեն 13 տարի: Ուիսամը մոտոցիկլով շրջում է աշխարհով մեկ՝ տեղեկացնելով հանրությանը նախաձեռնության մասին:

Ե՞րբ եւ ինչպե՞ս որոշեցիք բերագործական ակցիաներ կազմակերպել:
Մի անգամ մի տղամարդ էր զանգահարել եւ խնդրում էր օգնել. նրա դուստրն ամենաբարձր գնահատականն էր ստացել ավագ դպրոցում, սակայն ինքը գումար չուներ նրա ուսման վարձը վճարելու համար: Երեխայի հայրն ինձ ասաց. «Կցանկանայի, որ նա ձախողեր քննությունները, որովհետեւ ես ինձ այսքան մեղավոր չէի զգա, որ աղջիկս համալսարան չի հաճախելու»: Դրանից հետո լեռներ մագլցելով՝ մենք սկսեցինք գումար հավաքել պատերազմական գոտում ապրող կանանց կրթության համար: Այդ ժամանակ էլ ես հասկացա, որ պետք է տարածել այս նախաձեռնությունը եւ պետք է անել հենց մոտոցիկլի միջոցով՝ այցելելով աշխարհի յուրաքանչյուր երկիր: Այս տարվա ճամփորդության նպատակը բժշկական է. ցանկանում ենք օգնել Միջին Արեւելքում բնակվող հիվանդ երեխաներին:

Մեր առաջին ճամփորդությունը 2008թ.-ին էր, երբ Ուիսամը բարձրացավ Նեպալում գտնվող Փումորի լեռը, որի բարձրությունն ավելի քան 7000 մետր է: Ուիսամը լեռան գագաթը բարձրացավ 30 օրում: Այդ նախաձեռնության նպատակն էր օգնել Միջին Արեւելքում բնակվող կանանց կրթություն ստանալ:
Այնուհետեւ արդեն 2010թ.-ին նախաձեռնեցինք մոտոցիկլով ճամփորդություն, սակայն միայն Եվրոպայով՝ Դուբայից մինչեւ Լոնդոն: Ուիսամն այդ ընթացքում եղավ 36 երկրներում՝ անցնելով 40 հազար կիլոմետր: Այդ ճամփորդության նպատակն էր կառուցել խաղահրապարակներ հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար:
Դրանից 2 տարի էլ անց Ուիսամը մոտոցիկլով շրջեց Ասիայով՝ հասնելով Սինգապուր: Այդ ընթացքում նա եղավ 23 երկրներում՝ անցնելով 60 հազար կիլոմետր: Միջոցներն ուղղվեցին Երուսաղեմից 10 կմ հեռավորության վրա գտնվող Բեյթ Ջալա քաղաքում մանկական քաղցկեղի կենտրոն կառուցելուն:
Անդրադառնանք մոտոցիկլով աշխարհի տարբեր պետություններով շրջելուն:
Ներկայիս ճամփորդությունը նա սկսել է Իրանից, եղել է արդեն Հայաստանում, այս պահին Վրաստանում է, որտեղից էլ կմեկնի Ռուսաստան եւ այդպես 5 մայրցամաքների 100 երկիր: Ճամփորդության տեւողությունը 2 տարի է, նա անցնելու է 240 հազար կիլոմետր:

Որո՞նք են այս նախաձեռնության վտանգներն ու դժվարությունները:
Անբարենպաստ պայմաններ, անապատային անցումներ եւ դժվարանցանելի ռելիեֆ: Եղանակն էլ է դժվարություններ ստեղծում, քանի որ ջերմաստիճանը տատանվում է -20 C-ից մինչեւ +50 C: Եվ վերջապես որոշ երկրներում կա նաեւ անվտանգության խնդիր:
Ուիսամը մի քանի օր առաջ Հայաստանում էր: Ի՞նչ տպավորություններ է նա ստացել մեր երկրից:
Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է: Առաջին հերթին նա հավանել է հայերին, որոնք ջերմ են, բարեհամբույր, օգնող: Ուիսամը Հայաստանում խնդիր էր ունեցել մոտոցիկլի հետ կապված եւ մարդիկ մեծ պատրաստակամությամբ օգնել են: Ամեն ինչ նա ֆիքսել է ձեր երկրում: Բացի դրանից՝ Հայաստանի բնությունն ուղղակի զարմացնում է: Մի խոսքով, Ուիսամը Հայաստանից հեռացել է լավագույն հիշողություններով:
Աիդա Հովհաննիսյան





























