Ալկոհոլի եւ ծխախոտի ԱՄՆ հարկային ու առեւտրային բյուրոն հաստատել է Palcohol ապրանքանիշի պիտակով արտադրվող փոշի ալկոհոլի փաթեթների դիզայնը, ինչը նշանակում է, որ այդ խմիչքը կարող է վաճառքի հանվել արդեն այս տարվա ամռանը։
Արիզոնայում գտնվող Lipsmark LLC ընկերությունը խոստացել է արտադրել ռոմի, օղու եւ հանրահայտ «Կոսմոպոլիտան», «Լեմոն դրոպ», «Պաուդերիտա» կոկտեյլների փոշին։
Մեկ փաթեթ փոշի խմիչքը ընկերությունը խորհուրդ է տալիս բացել 170 գ ջրով, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։
Չնայած այն հանգամանքին, որ փոշի խմիչքների բաղադրությունն արդեն հավանություն է ստացել ԱՄՆ՝ սննդամթերքի եւ դեղորայքի հարցերով ադմինիստրացիայի կողմից, շատ նահանգներ դրա վաճառքն արգելող փաստաթղթեր են նախապատրաստել՝ զգուշանալով, որ այն կարող է ժողովրդականություն վայելել երիտասարդների եւ դեռահասների շրջանում։
Ի սկզբանե փոշի ալկոհոլի վաճառքը նախատեսում էր սկսել 2014թ. աշնանը, սակայն հետագայում այդ որոշումը չեղյալ հայտարարեցին։





























