Վ. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնն այս տարի ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ ձեռք է բերել «Plessart VIVO» («Toshiba», Ճապոնիա) հեռակառավարվող ղեկավարմամբ ունիվերսալ թվային ռենտգենոսկոպիայի եւ անալոգային ռենտգենոգրաֆիայի համալիր սարք:
«Ուռուցքաբանական հետազոտություններ անցնելու եւ բուժօգնություն ստանալու համար հայաստանցիները հաճախ ստիպված են լինում մեկնել արտերկիր, ինչը թե ֆինանսապես եւ թե հոգեբանորեն ծանր է հիվանդի համար: Պատճառը` հայաստանյան բուժհաստատությունների տեխնիկական ոչ բավարար հագեցածությունն է. ամենաբարձր որակավորում ունեցող բժիշկն անգամ ժամանակակից սարքավորումների կարիք ունի` լիարժեք հետազոտություններ կատարելու համար: Հուսով եմ, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունը կնպաստի բժիշկների առավել արդյունավետ աշխատանքին եւ փոքր-ինչ կթեթեւացնի հիվանդների հոգսը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Նշենք, որ ՈՒԱԿ-ում տարեկան բուժվում է ուռուցքային տարատեսակ հիվանդություն ունեցող ավելի քան 10 հազար հիվանդ: Հանդիսանալով ազգային կենտրոն՝ հիվանդանոցը սպասարկում է հանրապետության ամբողջ բնակչությանը: Կենտրոնում օրական կատարվում է 80-ից 100 ռենտգեն հետազոտություն (թոքերի, ոսկրահոդային համակարգի, աղեստամոքսային համակարգի եւ այլն): Մինչ այժմ կենտրոնում օգտագործվող սարքը շահագործման մեջ է դեռ խորհրդային տարիներից: Նոր ձեռք բերված սարքավորումների ներդրումը զգալիորեն կնպաստի հետազոտությունների ճշգրտության աստիճանի բարձրացմանն ու հիվանդների բուժման որակի բարելավմանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2010 թվականից պատրաստակամ աջակցություն է ցուցաբերում ՈՒԱԿ-ին, ինչի արդյունքում կենտրոնը համալրվել է հիվանդության հայտնաբերման վերջին սերնդի սարքավորումներով:
Այդ նպատակով ընկերությունն արդեն կատարել է ավելի քան 178 միլիոն դրամի ներդրում:





























