«Սպառողական կոոպերացիայի մասին» օրենքի նախագծում փոփոխություն կատարելու միջոցով կառավարությունը փորձելու է հեշտացնել գյուղերում կոոպերատիվների ձեւավորումը։ Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն այսօր` հուլիսի 22-ին կառավարության նիստում, ներկայացնելով օրենսդրական նախաձեռնությունը, ասաց, որ գյուղատնտեսության ոլորտում սպառողական կոոպերատիվների ձեւավորմանը խոչընդոտում է գործող օրենսդրության այն դրույթը, որ սպառողական ընկերությունը պետք է միավորի առնվազն 30 անդամի: Կառավարությունն առաջարկում է վերացնել անդամների սահմանափակման այդ դրույթը, որպեսզի հեշտացնի կոոպերատիվների ստեղծումը՝ հատկապես փոքրաթիվ բնակչություն ունեցող համայնքներում։
Գյուղատնտեսական կոոպերացիայի, այդ թվում` սպառողական կոոպերատիվների ձեւավորմանն ուղղված օրենսդրական փաթեթի մշակումը պայմանավորված է միջազգային փորձի տեղայնացման անհրաժեշտությամբ, որն առաջարկվել է նաեւ Հանրային խորհրդի կողմից։
Կառավարությունում հույս ունեն, որ օրենքի ընդունումը կնպաստի կոոպերատիվ շարժման խթանմանը եւ արդյունքում կբարձրանա գյուղատնտեսության ոլորտում արտադրողականությունը, քանի որ կոոպերացիան տնտեսավարման կազմակերպական-իրավական առավել արդյունավետ ձեւերից մեկն է որը փայատերերին հնարավորություն է ընձեռում բարձրացնելու իրենց մրցակցային հնարավորությունները:




























