Մարտի 14-ը շատ երկրներում նշվում է որպես Գետերի միջազգային օր (International Day for Rivers): Նախկինում այն կոչվում էր Ամբարտակների դեմ, հանուն գետերի, ջրի եւ կյանքի միջազգային օր (International Day of Action Against Dams and for Rivers, Water and Life): Աշխարհում տոնը հայտնի է նաեւ որպես Ամբարտակների դեմ գործողությունների միջազգային օր անվամբ:
Ըստ Calend-ի, ամբարտակների դեմ համաշխարհային շարժման սկզբում՝ 1998 թվականի այս օրը, աշխարհի ավելի քան 20 երկրներում, այդ թվում՝ Բրազիլիայում, Հնդկաստանում, Թաիլանդում, Ավստրալիայում, Ռուսաստանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, շուրջ 50 բողոքի ակցիա է անցկացվել:
Աշխարհի 177 խոշորագույն գետերի (ավելի քան 1.000 կմ երկարությամբ) միայն մեկ երրորդը գլխավոր հունի վրա կառուցված ամբարտակներ չունեն: Չկարգավորված են մնում մեծ գետերի, օրինակ՝ Կոնգոյի, Ամազոնի եւ Լենայի 43 մեծ հոսքերը:
Գետերի վրա ամբարտակներ կառուցելը վտանգավոր միտում է, որը սպառնում է ամբողջ մոլորակի բնությանը: Կարեւոր է նաեւ հիշել, թե ինչ հետեւանքների կարող է հանգեցնել խոշոր ամբարտակների փլուզումը, այդ թվում՝ հնարավոր զոհերի եւ ավերածությունների:
Չկարգավորվող գետերի մեծ մասն այսօր գտնվում է Ասիայում, Հարավային եւ Հյուսիսային Ամերիկաներում: Ավստրալիայում եւ Օվկիանիայում դրանք երեքն են, Եվրոպայում՝ ներառյալ Ուրալից դեպի արեւմուտք ընկած տարածքը, միայն մեկ մեծ գետ կա՝ Ռուսաստանի Պեչորան, որն ազատորեն մինչեւ ծով է հասնում:





























