Ադրբեջանական ՀԿ-ները կարող էին ազնվորեն ասել, թե ինչու չեն կարող ժամանել Երեւան՝  մասնակցելու Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին։ Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, հայտարարեց ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը Երեւանում Եվրանեսթի (ԵՄ+Արեւելյան գործընկերության երկրներ)  խորհրդարանական նստաշրջանի եւ քաղաքացիական սեկտորի մասնակիցների հետ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ։

Պողոսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանից բացի, ներկայացվել են բոլոր երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։

«Ադրբեջանական հասարակական կազմակերպությունները ավելի ազնիվ կգտնվեին, եթե անկեղծորեն խոստովանեին, որ չեն կարող մասնակցել նստաշրջանին։  Եթե մենք խոսում ենք Արեւելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակությունների միջեւ վստահությունից, ապա նման հայտարարությունը մեզ կօգներ հասկանալ, որ նրանք ցանկանում են համագործակցել, սակայն չեն կարող ժամանել Երեւան նրանց կողմից չվերահսկվող ՝ իշխող ռեժիմի գործադրած ճնշման պատճառով»,- ընդգծեց Պողոսյանը։