Եվրոնեսթի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքը հաջող կլինի միայն փոխադարձ վստահության մթնոլորտում: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, Եվրանեսթի (ԵՄ+«Արեւելյան գործընկերության» երկրներ) խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանի անդամների եւ քաղաքացիական սեկտորի Երեւանում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Հանդիպումը տեղի է ունեցել Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանի շրջանակներում:

Նման հարթակը, ինչպիսին Եվրանեսթն է, գոյություն ունի նրա համար, որպեսզի ամրապնդվի համագործակցությունն այնտեղ, որտեղ դա իրատեսական է, հավելել է Զաքարյանը:

«Միաժամանակ, եթե «Արեւելյան գործընկերության» երկրների հասարակությունների միջեւ չկա փոխադարձ վստահություն, խորհրդարանականների ցանկացած համատեղ աշխատանք հենց սկզբից անպտուղ է: Ուստի կարեւոր ենք համարում փոխգործակցությունը քաղաքացիական հասարակության հետ»,-հայտարարել է պատգամավորը:

Հայաստանի իշխանությունները պատրաստ են այսուհետ եւս աջակցել ակտիվ եւ պատասխանատու քաղաքացիական հասարակության զարգացմանը, ընդգծել է Զաքարյանը: