Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը մարտի 14-ին աշխատանքային այցով Արարատի մարզում էր: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արդարադատության նախարարությունից:

Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հետ առանձնազրույցից հետո նախարարն ընդունել է մարզի բնակիչներին, ովքեր ներկայացրել են իրենց հուզող խնդիրները: Դրանք, բացի արդարադատության ոլորտին առնչվողներից, վերաբերել են նաեւ սխալ քարտեզագրման հետեւանքով առաջացած հողային խնդիրներին, մի շարք  օրենքների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալուն, կենցաղային եւ սոցիալական բնույթի այլ հարցերի: Մարզի բնակիչներին լսելուց հետո նախարարը  հանձնարարել է իր ենթականերին, նախարարության լիազորությունների շրջանակում, լուծումներ առաջարկել բարձրացված հարցերի վերաբերյալ:

Քաղաքացիների ընդունելությունից հետո Արդարադատության նախարարն այցելել է Արտաշատ քաղաքում գտնվող ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության գրասենյակ, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տարածքային բաժին, ինչպես նաեւ նոտարական գրասենյակ: Հովհաննես Մանուկյանը ծանոթացել է համակարգի աշխատակիցների աշխատանքային պայմաններին,  հետաքրքրվել նրանց խնդիրներով, որոնք, հիմնականում, վերաբերել են շենքային պայմանների բարելավմանը:

Արտաշատից հետո արդարադատության նախարարը, մարզպետի ուղեկցությամբ, այցելել է  Արարատ գյուղ՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, որտեղ նրան դիմավորել է ՀՀ ազգային հերոսի եղբայր, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանը: Հովհաննես Մանուկյանը ծաղիկներ է դրել Սպարապետի  հուշարձանին, ծանոթացել տուն-թանգարանում ներկայացվող Վազգեն Սարգսյան պետական-քաղաքական գործչի, գրողի պատմությանը։

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հաջորդ կանգառը Հայաստանում ասորիներով բնակեցված ամենամեծ գյուղն էր՝ Վերին Դվինը:

Նախարարը գյուղապետարանի շենքում հանդիպել է համայնքի բնակիչներին, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին:

Հովհաննես Մանուկյանը, ողջունելով ներկաներին, կարեւորել է ասորիների հետ հանդիպումը եւ նշել, որ դեռ Վրաստանում աշխատած տարիներից է  ծանոթ ասորիների  մշակույթին: Նախարարը շեշտելով  անկաշկանդ զրույցի հակվածությունը՝ հորդորել է անկեղծորեն բարձրաձայնել   ազգային փոքրամասնություններին առնչվող ցանկացած հարց: Համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովան ընդգծել է, որ այդ առումով որեւէ խնդիր չկա, եւ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների հարցերին:

Զրույցի ընթացքում  գյուղացիների ներկայացրած խնդիրները վերաբերել են Ջրօգտագործողների ընկերության նկատմամբ հարկային պարտավորությունները չկատարելու հետեւանքով դատական ակտերի հարկադիր կատարմանը, դատապարտյալների՝ պայմանական վաղաժամկետ ազատմանը, ասորերենից հայերեն  լիցենզավորված թարգմանչի բացակայությանը: ՀՀ արդարադատության նախարարը պարզաբանումներ է ներկայացրել եւ խոստացել՝ նախարարության լիազորությունների շրջանակում տալ համապատասխան լուծումներ: