2014թ. հոկտեմբերի 5-ից 9-ը Հայաստան կատարած այցի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսի զեկույցը գործնականում ոչինչ չի փոխի: Այսօր՝ մարտի 16-ին նման տեսակետ հայտնեց փաստաբան Լուսինե Սահակյանը:
Նրա խոսքով՝ այս զեկույցում որեւէ նորություն չկա, հետեւաբար փոփոխություն չի սպասվում:
«Բարձրացված խնդիրները խոսում են այն մասին, որ դրանք այնքան խորքային եւ տարածական են, որ Մույժնիեկսը մի քանի օրում կարողացել է տեսնել եւ բարձրացնել դրանք: Իհարկե, բարեփոխումներ լինում են, բայց իրականում պրակտիկան չի փոխվում: Հնարավոր է՝ մեկ-երկու օրենսդրական փոփոխություն էլ լինի, բայց գործնականում դրանք չեն փոխվում»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Նշենք, որ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցը վերաբերվում է Մարտի 1-ին, Շանթ Հարությունյանի անչափահաս որդուն, Հայաստանում կանանց նկատմամբ բռնություններին, բանակում ոչ մարտական պայմաններում տեղի ունեցող բռնարարքներին:
Փաստաբանի կարծիքով՝ այս առումով քաղաքացիական հասարակությունը մեծ անելիք ունի, պետք է իշխանություններին ցույց տա, որ իրենք պայքարում են մարդու իրավունքների խախտումների դեմ:
«Բագին» փաստաբանական գրասենյակի փաստաբան Երվանդ Վարոսյանը նույնպես կարծում է, որ մեր երկրում բացակայում է քաղաքական կամք. «Զեկույցում սլաքները ուղղված են հիմնականում դատական համակարգին, ինչից կարելի է եզրակացնել, որ բարեփոխումները երկրում իմաստ չունեն, քանի դեռ դատարանները լիարժեք անկախ չեն։




























