Մինչ օրս Երեւանում էտվել եւ ձեւավորվել է շուրջ 7 հազար ծառ. աշխատանքները կշարունակվեն մինչեւ ապրիլի 15-ը: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքներում ակտիվորեն ներգրավել Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանության հանձնաժողովի անդամներին:
«Ամեն տարի ծառերի էտման աշխատանքների մեկնարկի հետ հնչում են իրարամերժ կարծիքներ, ինչը նաեւ ապատեղեկատվության տեսքով մատուցվում է հանրությանը: Դրանից խուսափելու նպատակով մինչ աշխատանքների մեկնարկը Երեւանի քաղաքապետին կից գործող քաղաքաշինական խորհրդի բնապահպանության հանձնաժողովի անդամ, անկախ մասնագետների ներգրավմամբ հանրությանը տեղեկացրեք ծառերի երիտասարդացման աշխատանքների մասին: Նաեւ մասնագիտական հիմնավորումներով ներկայացրեք, թե ո°ր դեպքում է անհրաժեշտ կիրառել էտման այս կամ այն տեսակը, որպեսզի ավելորդ շահարկումները բացառվեն»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:





























