ՀԳՄ անդամ, բանաստեղծ Հովհաննես Ղազարյանը պնդում է, որ Աբովյանի նախկին ջերմատնային տնտեսության սեփականատեր Արտաշես Սարգսյանի կինը` Մանուշակ Սարգսյանը ստում է` ասելով, թե Ղազարյանները սեփականություն ունեն եւ բացի Առինջ գյուղում գտնվող տարածքից, որ իր ամուսինն է նրանց ժամանակավորապես տրամադրել, ապրելու այլ վայր ունեն:
Նշենք, որ Մանուշակ Սարգսյանը բողոքում է, որ Ղազարյանները 2013թ.` իր ամուսնու մահվանից 10 օր անց, առանց իրեն տեղյակ պահելու գրացվել են իրենց պատկանող այն տարածքում, որը 2001թ. իր ամուսինը խղճալով բանաստեղծի ընտանիքին, ժամանակավորապես ապրելու համար տվել է նրանց: Հովհաննես Ղազարյանը կնոջ այս պնդումը նույնպես սուտ է որակում:
«Իմ ընտանիքի անդամները, ինչպես որ Մանուշակ Սարգսյանը պնդում է, այդ տարածքի վրա չեն գրանցվել: Ընդամենը Առինջի գյուղապետը հասցե է բացել և մեզ բոլորիս հաշվառել է, որի շնորհիվ մենք նպաստ ենք ստանում»,- NEWS.am-ին ասաց Հովհաննես Ղազարյանը, որի ընտանիքում 14 անդամ կա`այդ թվում վեց անչափահաս, մեկ հաշմանդամ:
Նշենք, որ Մանուշակ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ ինքն է Ղազարյանների փոխարեն կոմունալ վճարումները կատարում: Բանաստեղծի խոսքով, սակայն, հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, իրենք հենց Մանուշակի որդուն են փոխանցում գումարը, քանի որ ֆինանսական վիճակի պատճառով ի վիճակի չեն ամեն ամիս հասնել Աբովյան քաղաք:
«Ամեն ամիս նրանք Աբովյանից գալիս և վերցնում են մեր տան կոմունալ վարձերի գումարը և տանում վճարում: Տիկին Սարգսյանը, եթե ուզում է դատարան տալ, թող տա, ես արդար եմ, աշխատել ենք և այս կիսաքանդ տարածքը ինքներս շենացրել: Կինս ու երեխաներս տարիներ շարունակ աշխատել են, կովերին են նայել և մեր աշխատանքի արդյունքը իրենց ենք տվել, մեր աշխատանքը կերել»,- ասաց Ղազարյանը, որի ընտանիքից Մանուշակ Սարգսյանը պահանջում է ազատել տարածքը:
Հիշեցնենք, որ Աբովյանի նախկին ջերմատնային տնտեսության սեփականատեր Արտաշես Սարգսյանի այրին՝ Մանուշակ Սարգսյանը, NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրել էր, որ իր ամուսինն այդ տարածքը Ղազարյաններին չի նվիրել` նշելով, որ իր ասածն ապացուցող փաստաթուղթ ունի:
Հիշեցնենք, որ բանաստեղծ Հովհաննես Ղազարյանն ահազանգել էր, որ ընտանիքի 14 անդամներով, այդ թվում՝ վեց անչափահաս թոռներով, հաշմանդամ որդով ու հիվանդ տիկնոջով հայտնվել է դրսում, քանի որ Առինջ գյուղում գտնվող տարածքը 2001 թվականին անհատույց հիմունքներով բանաստեղծին տրամադրած՝ Աբովյանի նախկին ջերմատնային տնտեսության սեփականատեր Արտաշես Սարգսյանի կինը` Մանուշակ Սարգսյանը, ամուսնու մահվանից հետո պահանջում է լքել տունը, որտեղ նրանք բնակվել են 2001թ. մինչեւ օրս:





























