Հուլիսի 21-23-ը Հայաստանում է գտնվում Չինաստանի Կոմերցիայի նախարարի տեղակալ Ջուն Շանի գլխավորած պատվիրակությունը, որին ընդունել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կ. Մինասյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Հ. Բեգլարյանը, ինչպես նաեւ  ներկայացուցիչներ  ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամից,  Զարգացման հայկական գործակալությունից: Չինական պատվիրակության կազմում եղել են ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թիան Չանչունը եւ այլ  ներկայացուցիչներ ՉԺՀ Կոմերցիայի նախարարությունից:

Հանդիպման ժամանակ քննարկվել են բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, արդյունաբերության, առողջապահության, ճանապարհաշինության ոլորտներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես  նաեւ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի հետագա զարգացման, համատեղ փոխգործակցության հեռանկարային երկարաժամկետ եւ կարճաժամկետ ծրագրերի իրականացման վերաբերյալ հարցեր:

Հայկական կողմը հյուրերին ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը եւ առկա հնարավորությունները:

Ներսես Երիցյանն իր խոսքում նշել է, որ, հաշվի առնելով Չինաստանի տնտեսական մեծ ներուժն ու զարգացման տեմպերը, մեծապես կարեւորում է գիտելիքի եւ տեխնոլոգիաների փոխանակումը եւ տարբեր ոլորտներում Չինաստանի հետ սերտ համագործակցությունը, ինչը դրական ազդեցություն կունենա Հայաստանի եւ Չինաստանի առեւտրատնտեսական կապերի աշխուժացման եւ երկրի տնտեսական աճի ապահովման վրա:

Նշենք, որ սա չինական կողմի՝ այս տարի Հայաստան կատարած արդեն երկրորդ այցն է: Ապրիլին «Շանհայ էքսպո» այցելությունից հետո նախարար Երիցյանի հրավերով հունիսի 1-3-ը Հայաստանում էր գտնվում Չինաստանի կառավարության պատվիրակությունը` ՉԺՀ Կոմերցիայի նախարարի տեղակալ Ցզըին Ֆուի գլխավորությամբ, որի կազմում էին նաեւ 7 գործարարներ: