Բուխարեստի Հայոց կենտրոնում, մարտի 15-ին տեղի ունեցավ բանախոսություն` նվիրված Մեծ Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին: Միջոցառումը կազմակերպվել էր Ռումինիայի Հայոց թեմի, Ռումինիայի Հայոց միության եւ Ռումինիայում ՀՀ դեսպանության համատեղ ջանքերով:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցում էին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ Տաթեւ Եպիսկոպոս Հակոբյանը, ռումինահայ «Արարատ» հանդեսի գլխավոր խմբագիր Միհայ Ստեփան Գազազյանը, պատմաբան Էդուարդ Անտոնյանը, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ, հայ համայնքի ներակայացուցիչներ:

Զորավարի կյանքն ու գործունեությունը ներկայացրին «Արարատ» հանդեսի գլխավոր խմբագիր Միհայ Ստեփան Գազազյանը եւ պատմաբան Էդուարդ Անտոնյանը: Ելույթներով հանդես եկան դեսպան Գասպարյանը եւ Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ Տաթեւ Եպիսկոպոս Հակոբյանը, ովքեր իրենց խոսքում կոչ արեցին անցյալի եւ այսօրվա հերոսների օրինակով նվիրվել Հայրենիքին եւ համախմբվել` ի նպաստ Հայաստանի Հանրապետության հետագա զորացման: Այնուհետեւ ցուցադրվեց Զորավար Անդրանիկի մասին պատմող վավերագրական ֆիլմ:

Մասնակիցները նաեւ ծաղկեպսակներ զետեղեցին Բուխարեստի Միքայել եւ Գաբրիել Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու բակում գտնվող Զորավար Անդրանիկի արձանին, որ կանգնեցվել է 1936թ. եւ համարվում է Զորավարին նվիրված աշխարհում առաջին հուշարձաններից մեկը: