Կառավարման ցանկացած համակարգ խոցելի է, քննադատելի է, ունի իր թերություններն ու առավելությունները։ Այսօր՝ մարտի 17-ին, լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը՝ անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումներին։
«Խորհրդարանական կառավարման համակարգում արագ որոշումներ ընդունելու դեպքում իսկապես վտանգ եմ տեսնում, բայց հենց Սահմանադրության մեջ պետք է այնպիսի դրույթներ նախատեսել, որոնք որոշակի դեպքերում թույլ կտան արագ որոշումներ կայացնել։ Մենք դա պետք է երաշխավորենք նոր Սահմանադրության մեջ։ Թե ով կլինի այդ որոշումը կայացնողը, դժվարանում եմ ասել»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը։
Նրա խոսքով՝ Սահմանադրական բարեփոխումների նոր նախագիծը կազմվելու է մասնագիտական խմբերի, քաղաքական ուժերի, Վենետիկի հանձնաժողովի համատեղ որոշմամբ եւ քննարկմամբ. «Մեր կյանքի մեծագույն փոփոխությունը կախված է Սահմանադրությունից։ Այսօր մենք ունենք մի մարդու Սահմանադրություն, դրա համար էլ այս վիճակում ենք։ Կարող է փոխենք ու նույնը ստանանք, կարող է եւ ոչ։ Եկեք օբյեկտիվ Սահմանադրություն գրենք եւ ապահովենք մեր երկրի զարգացումը»։
Հիշեցնենք, որ մարտի 12-ին Հայաստանում սկսվել է Սահմանադրական բարեփոխումների քննարկման փուլը։ Այդ բարեփոխումները մասնավորապես վերաբերվում են խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելուն։





























