ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել մարտի 16-18-ը Երեւանում անցկացվող «Եվրանեսթ»-ի հերթական՝ չորրորդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով:
Նախագահը «Եվրանեսթ»-ի երեւանյան նիստը լավ առիթ է համարել անկաշկանդ քննարկումների եւ մտքերի փոխանակման, գործընկեր երկրների հասարակություններին հուզող հարցերի վերաբերյալ տեսակետների հայտնման համար: Նշելով, որ դեռեւս 2012թ. Երեւանում հյուրընկալվել է «Եվրանեսթ»-ի Սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերով ենթակոմիտեի նիստը, որի աշխատանքները արդյունավետ էին, Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ խորհրդարանական վեհաժողովի ընթացիկ լիագումար նիստը եւս արդյունավետ կլինի, եւ օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ խորհրդարանական ձեւաչափով ընթացող քննարկումներն ու ընդունվելիք բանաձեւերը կնպաստեն Եվրոպական միության եւ գործընկեր երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդմանը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ կառուցողական եւ արդյունավետ քննարկումների համար կան բոլոր նախադրյալները:
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամները շնորհակալություն են հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին ընդունելության համար եւ գոհունակությամբ խոսել անցած երկու օրերի ընթացքում ՀՀ ԱԺ-ում իրենց աշխատանքի արդյունքների մասին, անդրադարձել նաեւ օրակարգի շրջանակներում նախատեսված հետագա քննարկումների թեմաներին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն ու հարաբերությունների զարգացման հեռանկարին, այդ հարցում «Եվրանեսթ»-ի ուրույն տեղին ու դերին: Զրուցակիցները հույս են հայտնել, որ երեւանյան խորհրդարանական հանդիպումները կարեւոր հանգրվան կդառնան Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման համար:
Հյուրերի խնդրանքով Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու՝ մեր երկրի որոշման հիմքում ընկած գործոններին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ Հայաստանի ջանքերին, տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 2015 թվականի ընթացքում Հայաստանում եւ արտերկրում նախատեսված ոգեկոչման միջոցառումներին ու դրանց խորհրդին: Սերժ Սարգսյանը պատասխանել է նաեւ այս եւ այլ թեմաներով «Եվրանեսթ»-ի բյուրոյի անդամներին հետաքրքրող հարցերին:































