Պաղեստինի Գազա քաղաքում կենդանաբանական խանութի թութակներն ամեն օր սուրճ են օգտագործում եւ սկսել են կոֆեինից կախվածության նշաններ ցուցաբերել: Այս մասին գրում է The Daily Sabah-ը:
Ռիկո անունով 4-ամյա կակադուն եւ նրա 2-ամյա ընկերուհին՝ Կոկոն, վերջին երեք ամիսների ընթացքում օրական երեք գավաթ սուրճ են խմել, երբեմն՝ նաեւ թեյ: Առաջին անգամ նրանք սուրճը փորձել են խանութի տիրոջ՝ Մուհամմեդ եդ-Դեյրիի թողած գավաթից:
Պարբերականի փոխանցմամբ, ըմպելիքը թռչուններին դուր է եկել: Նրանք աշխուժացել եւ սկսել են բարձր երգել: Դրանից հետո, սուրճ չստանալու դեպքում, Ռիկոն եւ Կոկոն անհանգստության նշաններ են ցուցաբերել եւ հարձակվել են մարդկանց վրա:
The Daily Sabah-ը նաեւ նշում է, որ Ռիկոն եւ Կոկոն մեծ ճանաչում են ձեռք բերել տեղացիների շրջանում: Ամեն օր հարյուրավոր մարդիկ գալիս են խանութ՝ հետեւելու, թե ինչպես են կակադուները սուրճ վայելում:





























