Ժամանակակից Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, «Արարատի ստորոտին» միջազգային ֆորումի շրջանակներում հայտարարեց  ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը (ֆոտոռեպորտաժ)։

Նա նշեց, որ փորձագետների կարծիքով՝ ցեղասպանության թեման սպառված չէ, քանի դեռ այն չի ճանաչվել։ «Իհարկե Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը բարդանում ակնհայտ նեոօսմանիզմի բացահայտ քաղաքականությամբ։ Նեոօսմանիզմը նեոիմպերիալիզմի կոնցեպցիան է։ Թուրքիան շարունակում է Հայաստանի հանդեպ թշնամական քաղաքականություն վարել։ Հայ-թուրքական փակ սահմանը երկաթե վարագույրի վերջին բեկորն է, որը ոչ միայն չի փլուզվել, այլ նաեւ շարունակում է բաժանել հարեւան երկրները։ Դրա նպատակը Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանին առավել զիջողական դարձնելն է։ Սակայն դա իհարկե ոչ մի կապ չունի հայ-թուրքական հաշտեցման գործընթացի հետ։ Թուրքիան թշնամական քաղաքականություն է վարում նաեւ միջազգային կազմակերպություններում՝ բացահայտորեն պաշտպանելով Ադրբեջանի հակահայկական նախաձեռնությունները»,- ընդգծեց Վիգեն Սարգսյանը։

Ըստ Սարգսյանի՝ Թուրքիայի հանդեպ Հայաստանի վարած քաղաքականությունը երբեք թշնամական չի եղել։ «Մենք երբեք  Հայոց ցեղասպանության ճանաչման նախապայմանները չենք դրել  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում։ Իր անկախության առաջին իսկ օրվանից Հայաստանը հայտարարել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին»,- եզրափակեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը։