Հայոց ցեղասպանության հուշահամալիրում՝ Ծիծեռնակաբերդում, խմելի ջրի 8 ցայտաղբյուր կհայտնվի երեխաների եւ մեծահասակների համար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց «Երեւան ջուր» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մուրադ Սարգսյանը։ Ցայտաղբյուրների տեղադրման աշխատանքներն արդեն սկսվել են՝ ըստ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված պետական միջոցառումները համակարգող հանձնաժողովի համաձայնության։

Նախկինում այդ բլրի վրա կար 2 ցայտաղբյուր, սակայն թույլ ճնշման պատճառով նրանք միշտ չէին գործում։ «Իսկ հիմա մենք այնտեղ ոչ մեծ պոմպեր ենք տեղադրել, որոնք զբոսայգու ղեկավարությունը անհրաժեշտության դեպքում կարող է միացնել։ Նրանք կտեղադրվեն հուշահամալիրի  ծառուղու ողջ երկայնքով Երեւան այցելած հյուրերի եւ հենց երեւանցիների հարմարավետության համար»,- նշեց Սարգսյանը։

«Երեւան ջուր» ՓԲԸ-ն (ֆրանսիական Veolia Generale des Eaux դուստր ձեռնարկություն) 2006-2015թթ. Երեւանում ջրամատակարարում իրականացնող օպերատորն է։