Տավուշի մարզի Դեբեդավան գյուղի գյուղապետ Վանյա Դեմիրճյանը՝  Դեբեդավանի մանկապարտեզի տնօրեն Մարլենա Բաբայանին առաջարկել է 2 միլիոն տարեկան ֆինանսավորմամբ վերաբացել գյուղի մանկապարտեզը: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց մանկապարտեզի լուծարման մասին ահազանգ ստանալուց հետո՝ մարտի 15-ին Դեբեդավան գյուղ մեկնած  կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը։ «Ես առաջարկեցի մանկապարտեզի տնօրենին ու ծնողներին համաձայնել գյուղապետի առաջարկի հետ, մինչև որ խնդիրը հնարավոր լինի լուծել: Տնօրենը շատ է նվիրված իր գործին, նրանք չնչին միջոցներով կարողացել են  պահել այդ մանկապարտեզը, բայց այժմ այն լուծարվում է»,-ասաց Բախշյանը:

Անահիտ Բախշյանը նշեց, որ Դեբեդավան գյուղում բացի այդ մանկապարտեզից ու դպրոցից,  երեխաների համար չկան մշակութային օջախներ. «Դեբեդավանի մանկապարտեզ հաճախող երեխաների  ծնողները 3000 դրամ են վճարել, այժմ նրանք պատրաստ են 4000 դրամ էլ  վճարել, միայն թե մանկապարտեզը վերաբացվի: Պատգամավոր Թևան Պողոսյանի միջոցով այս խնդրի վերաբերյալ նամակ ենք  ուղղել ՀՀ վարչապետին, այժմ սպսում ենք արձագանքի, հուսով ենք, որ դրական լուծում կստանանք»։

Մանկապարտեզի տնօրեն Մարլենա Բաբայանն էլ  մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ  Անահիտ Բախշյանի՝ Դեբեդավան գյուղից գնալուց հետո, գյուղապետը՝ մարտի 17-ին, ժողով է հրավիրել և հայտարարել, որ մանկապարտեզը վերաբացել հնարավոր չէ.

«Նա ծնողներին ասել է, որ ի վիճակի չէ մանկապարտեզը պահելու և այն կլուծարվի: Ծնողներն էլ դժգոհ հեռացել են, առանց ընդհանուր համաձայնության գալու: Նա ինձ ժողովին չէր հրավիրել, և ես էլ չեմ գնացել, իսկ 2 միլիոն ֆինանսավորման առաջարկի մասին տիկին Բախշյանի մեկնելուց հետո  ինձ ոչինչ էլ չի ասել»,-ասաց մանկապարտեզի տնօրենը:

Մանկապարտեզ հաճախող երեխաներից մեկի մայրը՝ Քրիստինե Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ծնողներով պայքարելու են, որպեսզի մանկապարտեզը վերաբացվի: Նրա խոսքով՝  գյուղապետը առաջարկել է մանկապարտեզը վերաբացել ընդամենը երկու հաստիքով, բայց իրենք չեն համաձայնել. «2 միլիոն ֆինանսավորմամաբ ուզում է ընդամնենը երկու աշխատող պահել, բայց այդ երկու աշխատողները ինչպե՞ս  են 30 երեխային հոգ տանելու»-, ասաց Քրիստինեն:

Մանկապարտեզի դաստիարակ Մարինե Արամյանն էլ NEWS.am-ին ասաց, որ գյուղապետը երեկ հրավիրված ժողովին հայտարարել է, որ մանկապարտեզն արդեն լուծարման գործընթացում է և մինչև սեպտեմբերի 1-ը նախակրթարանը կբացվի. «Մեզ նախակրթարանը պետք չէ, մենք նրան բացատրեցինք, որ նախակրթարանը 5-6 տարեկանների համար է նախատեսված, բայց գյուղապետը պնդում է, որ  ցածր տարիքի երեխաներն էլ կարող են հաճախել»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տավուշի մարզի Դեբեդավան համայնքի ավագանու՝ 2014թ. դեկտեմբերի 30-ի որոշմամբ՝ գյուղի միակ մանկապարտեզը լուծարվել է: