«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը («Շերիֆը») շարունակում է մնալ ԲՀԿ անդամ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը:
Նա նշեց, որ դեռ այն ժամանակ, երբ առողջական խնդիրների պատճառով Գրիգոր Գրիգորյանը մանդատը վայր էր դրել, դիմում չի գրել ԲՀԿ-ից դուրս գալու: Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականությունից եւ ԲՀԿ-ից հեռանալուց հետո եւս Գրիգոր Գրիգորյանը դիմում չի գրել հեռանալու: Ավելին, մամուլի խոսնակից նաեւ տեղեկացանք, որ Գրիգոր Գրիգորյանը հրավիրված է եղել մարտի 5-ին կայացած ԲՀԿ արտահերթ համագումարին, սակայն ներկա չի եղել:
NEWS.am-ին տեղեկություններ էին հասել, որ Գրիգոր Գրիգորյանը արտագաղթել է Հայաստանից: Ավելին, մեզ հայտնի էր դարձել, որ նա գտնվում է Մոսկվայում եւ այնտեղ զբաղվում է շինարարական բիզնեսով: Այս տեղեկությունները տեւական ժամանակ է՝ փորձում ենք ճշտել անձամբ Գրիգոր Գրիգորյանից, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանում:
Նշենք, որ «Շերիֆը» պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրել է 2014թ մայիսի 6-ին: Ըստ ԲՀԿ-ի՝ «Շերիֆը» հիվանդության պատճառով է այդ քայլին դիմել: Մամուլում շրջանառվում է վարկած, որ նա խնդիրներ է ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:




























