Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող, ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի հոսպիտալում գտնվելու մասին Ավետիսյանների փաստաբանները տեղեկություն չունեն:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի իրավապահ մարմինների կողմից իրականացվող քննության ընթացքում դատահոգեբուժական փորձաքննություն չի նշանակվել, իսկ թե որտեղ է այժմ գտնվում Պերմյակովը, չեն կարող ասել: Ավետիսյանները կամ նրանց ներկայացուցիչները չեն տեսել նրան:

Ինչ վերաբերում է Պերմյակովի՝ հոսպիտալում գտնվելու հավանականությանը, փաստաբանն ասաց, որ եթե հավատալու լինենք ռուսական լրատվամիջոցների տարածած տեղեկություններին, որ Պերմյակովի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն, ապա չի բացառվում, որ նա գտնված լինի հոսպիտալում:

Գյումրիի ռազմաբազայի հոսպիտալի NEWS.am-ի աղբյուրները հայտնեցին, որ Պերմյակովը իրենց մոտ չի եղել, նրան պարզապես առանձնացրել են ինչ-որ տեղ, 5-6 օր մնացել է, ենթարկվել դատահոգեբուժական փորձաքննության եւ պարզվել է, որ Պերմյակովը պիտանի է ծառայության: Այժմ Վալերի Պերմյակովը գտնվում է ռազմաբազայի մենախցում՝ «հաուպտվախտում»

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, ուր յոթ օր անց մահացել էր: Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Մինչեւ օրս հարազատների համար անհայտ են սպանության պատճառները: Նրանց համար կասկածելի է նաեւ սպանության մեջ մեղադրվող անձը, արդյոք նա միայնակ է գործել եւ ինչպես է կարողացել միայնակ սպանել ընտանիքի 7 անդամներին: